Մտահոգությամբ ենք արձանագրում, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում. Վիգեն Սարգսյան

Հունական զինուժը հայկական զինված ուժերին համարում է եղբայր, իրական եղբայր, որովհետև երկու ժողովուրդները կողք կողքի անցել են դժվարին փուլերով, և նրանց գործակցությունը կշարունակվի` անկախ տարածաշրջանի զարգացումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականը», նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Նախարար Սարգսյանն էլ իր հերթին շեշտել է, որ հույն գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել տարածաշրջանայն մարտահրավերներին, «որոնք, ցավոք սրտի, ավելի են ուժգնանում թե’ Կովկասում, թե’ Մերձավոր Արևելքում»: Քննարկվել են նաև գործակցության բազմաթիվ ծրագրեր Հունաստանի հետ և Հունաստանի միջոցով՝ Եվրամիության, որոնք առնչվում են միջազգային խաղաղապահությանն ու այլ խնդիրներին:

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումն Արցախի հետ կապված անվտանգային հարցերի շուրջ: Հույն լրագրողները նախարարների ուշադրությունն են հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դերին, այդ թվում՝ արցախյան հարցում: «Մենք իրականում մեծ մտահոգությամբ ենք արձանագրում, որ Թուրքիան շարունակում է բաց և փակ տարբեր հնարավորություններով աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ռազմական ճնշման միջոցներով փոխարինելու տեսակետից: Դա չի նպաստում տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմա նը, և հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները ավելի հավասարակշիռ կմոտենան արցախա-ադրբեջանական բարդ խնդրի լուծմանը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նույն կերպ է արձագանքել նաև հույն նախարարը, ով անդրադարձել է նաև ցեղասպանության ճանաչման հարցին` թե’ հայերի, թե’ Պոնտոսի հույների համատեքստում:

Հարցին, թե ինչպե՞ս են կողմերը կարողանում գերազանց հարաբերություններ պահպանել, մարտահրավերներին համատեղ դիմակայել` գտնվելով տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում` նախարար Կամենոսն արձագանքել է. «Այսօր էլ կողք կողքի ենք»:

Իր հերթին, Սարգսյանը նշել է, որ չեն կարող լինել բաժանարար գծեր, որոնք կխանգարեն գործակցել համատեղ շահերից բխող հարցերում: «Դաշինքներն ունեն մեկ խնդիր` բարձրացնել ժողովուրդների և պետությունների անվտանգության մակարդակը: Կան ոլորտներ, որտեղ մարտահրավերները համընկնում են, գումարած ահաբեկչության նոր ձևերը, այնպես որ՝ այլ դաշինքներում լինելը չի ենթադրում շահերի հակադրում: Հետևաբար, մենք տեսնում ենք շատ ոլորտներ, որտեղ կարող ենք հեշտությամբ փոխգործակցել՝ առանց հարցականի տակ դնելու մեր հիմնական անվտանգային դաշինքներում պարտավորությունները կամ մեր հավատարմությունը»,- ամփոփել է նախարար Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում