«Հայկական ժամանակ». Կառավարությունը 990 հազար դրամ է վճարելու ամանորյա բացիկների համար

Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից: Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ: Կառավարությունը բացիկներն ամենայն հավանականությամբ ձեռք է բերում ՀՀ պաշտոնյաներին՝ նախարարներին, պատգամավորներին և այլոց ամանորյա շնորհավորանքներ հղելու համար. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Ի դեպ, այս օրերին ՀՀ բոլոր գերատեսչությունները՝ նախարարությունները, Ազգային ժողովը և այլ կառույցներ, նույնպես նմանատիպ ծախսեր են անում՝ իրենց սուղ բյուջեից հարյուր հազարավոր դրամների բացիկներ ձեռք բերում և իրենց գործընկերների կամ տարբեր պաշտոնյաների Նոր Տարին շնորհավորում:

Օրինակ` հանրային հեռուստաընկերությունը 500 հատ շնորհավորական բացիկ է պատվիրել ընդհանուր 100.000 դրամ արժողության: ՀՀ քաղծառայության խորհուրդը մոտ 480 հազար դրամ է հատկացրել տոնական շնորհավորանքների և օրացույցների համար: Այդ բացիկները սովորաբար կուտակվում են պաշտոնյաների սեղանին, այնուհետև դեն շպրտվում՝ մեր սուղ բյուջեի պայմաններում դառնալով շռայլ ծախս»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում