Պուտին. «Մենք պետք է իմանանք՝ ով է ուղղորդել մարդասպանի ձեռքը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը եւ հավաստիացրել է, որ ահաբեկիչներն կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը: Պետության ղեկավարը նաեւ հանձնարարել է ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կրեմլում դեկտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ ԱԳ նախարարության, Արտաքին հետախուզության ծառայության եւ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Նարիշկինի եւ Ալեքսանդր Բորտնիկովի հետ կայացած հանդիպմանը նախագահը ցավակցություն է հայտնել սպանվածի հարազատներին ու մերձավորներին: Նա հանձնարարել է արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ Կառլովին հետմահու ներկայացնել պետական պարգեւի:

«Կատարվածը հանցագործություն է, որն, անտարակույս, ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման խափանմանը եւ Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը, որն ակտիվորեն առաջ է մղվում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, այլ երկրների կողմից, որոնք շահագրգռված են միջսիրիական հակամարտության կարգավորմամբ»,– ընդգծել է Պուտինը:

«Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը: Եվ ելուզակները դա կզգան իրենց վրա»,- հավաստիացրել է պետության ղեկավարը:

Նախագահը հայտնել է, որ ՌԴ Հետաքննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել սպանության փաստով, նրան հանձնարարված Է ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, «որը պետք է ուղեւորվի Անկարա՝ թուրք գործընկերների հետ մասնակցելու այդ հանցագործության հետաքննությանը»: Պուտինը հավելել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք պետք է իմանանք՝ ով է ուղղորդել մարդասպանի ձեռքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում