Քվեատուների կոլեգիան հաստատեց Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

Քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը ԱՄՆ-ում տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, հաստատել են հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը երկրի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդյունքները հրապարակել է «Նյու Յորք թայմս» թերթը:

Նրա հաշվարկների համաձայն՝ Թրամփն ապահովել է կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը 227-ի աջակցությունը:

Հրատարակությունը նշում է, որ ընդհանուր առմամբ ընտրություններում քվեարկած քաղաքացիների կամքին հակառակ է քվեարկել յոթ հոգի: Նրանցից երկուսը՝ Տեխասի բնակիչներ, Թրամփի փոխարեն պաշտպանել են Ռոն Փոլին եւ Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկին:

Եվս հինգ քվեատուներ՝ չորսը՝ Վաշինգտոնի նահանգում եւ մեկը Հավայներում, հրաժարվել են պաշտպանել Քլինթոնին:

Թրամփն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա հաղթահարել է 270 ձայնի սահմանագիծը, հրապարակել է հայտարարություն, որում պատմական է համարել իր տարած հաղթանակը:

«Այս օրը նշանավորվեց զգալի գերակշռությամբ ձեռք բերված հաղթանակով, որը պատմական մեծ նշանակություն ունի մեր երկրի դեմոկրատական համակարգի համար»,- նշել է հանրապետականը: Նա խոստացել է հնարավոր ամեն ինչ անել եւ դառնալ բոլոր ամերիկացնիների նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում