Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան դիմաց կրակոցներ են հնչել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի 20-ին 04:00-ին կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անհայտ անձը դեսպանության մոտ սկսել է օդ կրակել: Այդ վայրում գտնվող ոստիկաններն անմիջապես չեզոքացրել են կրակողին և ձերբակալել նրան: Հարձակվողը ոստիկանական մեքենա նստելիս ասել է. «Ալլահով եմ երդվում, մեզ հետ խաղ մի արեք»:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում