Արցախի նախագահը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի տոնը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Մեր երկրի, ժողովրդի եւ պետության անվտանգության ապահովման ուղղությամբ դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու ծառայություն: Արհեստավարժությունը, սկզբունքայնությունը, անձնվիրությունն ու հայրենասիրությունը պետք է լինեն ձեր ծառայության անբաժանելի մասը եւ օգնեն արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթներն ու պարտականությունները:

Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական խնդիրները եւ կանի հնարավորը դրանք լուծելու ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեր ծառայության իրականացման ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում