Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով վեց մարդ ձերբակալվել է

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալվել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ձերբակալված անձանց շարքում են սպանությունն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշի հայրը, մայրը և քույրը:

Հայտնի է դարձել, որ մարդասպանը կարողացել էր մտնել Ժամանակակից արվեստների թանգարան` ցույց տալով իր ոստիկանական վկայականը:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում