Ռուսաստանցիները պետք է լրջորեն մտածեն Թուրքիա ուղեւորության ռիսկերի մասին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանցիները, որոնք պատրաստվում են հանգիստն անցկացնել Թուրքիայում, պետք է լրջորեն խորհրդածեն իրենց պլանների շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը՝ մեկնաբանելով ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով ուղեւորվում է Թուրքիա, պետք է լրջորեն մտածի, նախքան դա անելը, որովհետեւ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր»,- ասել է փոխնախարարը:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել է, որ ռուս դիվանագետի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:

Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում