Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ շարունակել Սիրիայի իրադրության կարգավորման աշխատանքը. Չավուշօղլու

Անկարան մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Մենք մտադիր ենք շարունակել համատեղ աշխատանքը ՌԴ-ի հետ, շարունակել ինչպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման, այնպես էլ բոլոր բնագավառներում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ջանքերը»,– ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Իր հերթին Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ պարզել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության բոլոր հանգամանքները: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ պարզել այդ ահաբեկչական գործողության կազմակերպման եւ իրագործման բոլոր հանգամանքները»,- ասել է նա:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել Է, որ ռուս դիվանագետի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:

Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում