Պարզվել է Բեռլինում մարդկանց բազմության մեջ մխրճված բեռնատարի վարորդի ինքնությունը

Գերմանիայի ոստիկանությունը պարզել է այն բեռնատարի վարորդի ինքնությունը, որը Բեռլինում վրաերթի է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել է Die Welt գերմանական թերթը:

Խոսքը Պակիստանից սերված Նավեդ Բ-ի մասին է, որը ծնվել է 1993 թվականին:

Independent թերթի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածն ապրում էր Բեռլին-Տեմպելհոֆ փակ օդանավակայանի տարածքում փախստականների համար նախատեսված կենտրոնում:

Ոստիկանության տվյալներով՝ Նավեդը գերմանական Պասաու քաղաք է ժամանել 2015 թվականի դեկտեմբերին: Թե հատկապես որ երկրից է նա ժամանել, չի ճշտվում:

Ավելի վաղ նա արդեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել էր մանր իրավախախտումների պատճառով:

Գերմանիայի ոստիկանությունը գտնում է, որ Բեռլինում տեղի ունեցած ողբերգությունը կարող է ահաբեկչական գործողություն լինել:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Ինչպես նշում է DPA գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է, հաղորդել է «Ինտերֆաքսե-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում