Մարդասպանը Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա կրակել է 11 անգամ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դիվանագետի վրա կրակել է 11 անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս եզրակացության են եկել ցուցասրահի տեսագրություններն ուսումնասիրած դատախազությունը և իրավապահ մարմինները:

Կառլովի մարմնի վրա կրակոցի 11 հետք է հայտնաբերվել:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում