Մերկելը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն

Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածը, որը 12 մարդու կյանք է խլել, ամենայն հավանականությամբ ահաբեկչական գործողություն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ներկա պահին ունեցած տեղեկատվությամբ մենք պետք է ելնենք այն բանից, որ դա ահաբեկչություն էր»,- ասել է նա:

Ինչպես դեկտեմբերի 20-ին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, Անգելա Մերկելը Բեռլինի կենտրոնի տոնավաճառում կատարված հարձակման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

«Կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր առավոտյան հեռախոսազրույց են անցկացրել: ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն է հայտնել կանցլերին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի վրա կատարված երեկվա հարձակման կապակցությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Ինչպես նշում է DPA գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում