ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անվիճելի հանգամանք է. Արտակ Զաքարյան

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն անվիճելի հանգամանք է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքի իրացումը բանալին է, որով կարողանալու ենք ապահովել խաղաղ կարգավորումը:

«Զիջումներ, փոխզիջումներ, դրանց հաջորդականություն, այդ ամենը մանրամասներ են, որոնք բխելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումից: Դրա մեջ մտնում են ոչ միայն ժամանակավոր կարգավիճակը, այլև կարգավիճակը, ժամկետները և կամարտահայտության դրսևորման համար լիարժեք երաշխիքների ապահովումը, այդ թվում, միջազգային հանրության կողմից երաշխիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Եվ քանի դեռ այս ամենի մասին չկան հստակ պատկերացումներ, երաշխիքներ, հատկապես Ադրբեջանի կողմից չկա այն հանգամանքը, որ նա պատրաստ է ընդունել բանակցային գործընթացի սկզբունքները, կանոնները և իր գործողությունները կառուցել դրանց վրա, քանի դեռ Ադրբեջանում չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրացման մասին, չեն խոսում այն մասին, որ պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը որպես կայացած փաստ և հաշվի նստեն դրա հետ, բնականաբար, հայկական կողմից այլ կարգի զիջումներ լինել չեն կարող»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը, ի դեմս Ադրբեջանի, չունի այն հարևանը, ում հետ կարելի է բանակցել: Ունի հարևան, որը դեռևս հուսով է խնդրի կարգավորումը իրականացնել ռազմական ճանապարհով` ապավինելով իր տնտեսական ռեսուրսներին: Պատգամավորն ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:

«Այսօր բանակցություններ որպես այդպիսիք չկան, կա գործընթաց, որը կանգ է առել ինչ-որ փուլում: Ադրբեջանն ամեն դեպքում խոչընդոտում է շփման գծում մեխանիզմների ներդրմանը, որոնք հրադադարի ռեժիմի խախտման ապացույց կլինեին: Ադրբեջանը չի ցանկանում դա և ձգտում է օգտագործել շանտաժի մեխանիզմը` ուժի սպառնալիքը: ԵՎ կարծում է, որ դա հնարավորություն է տալու հոգեբանական, ռազմական ճնշման ենթարկել հայկական կողմին: Իրականում ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ հաշվարկներն արդարացված չեն: Այս ամենը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ մեզ համար ամենամեծ խնդ իրն է պատրաստվել բոլոր տիպի զարգացումներին: Մենք միշտ պետք է անվտանգության խնդիրը պահենք որպես օրակարգային թիվ մեկ հարց, եթե նույնիսկ վաղը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հասնենք մեզ համար ցանկալի լուծման»,-հավելեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում