Ֆրանսիայի նախկին նախարար Մակրոնը Ֆիյոնից ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում. հարցում

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն իր ժողովրդականությամբ առաջ է անցել երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են այն հարցման տվյալները, որն Odoxa ընկերության կողմից անցկացվել է L’Express հրատարակության եւ France Inter ռադիոկայանի հետ համատեղ:

Ինչպես վկայում են հետազոտության տվյալները, հարցման մասնակիցների 35 տոկոսը համակրանք է տածում Մակրոնի՝ որպես քաղաքական գործչի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ այն մարդկանց թիվը, ովքեր հանդես են եկել հաջակցություն նախկին վարչապետ Ֆիյոնի, նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 6 կետով եւ կազմել 31 տոկոս: Իսկ այն մարդկանց թվաքանակը, ովքեր իրենց կողմնակցությունն են հայտնել երկրի եւս մեկ նախկին վարչապետի՝ Ալեն Ժյուպեին, կրճատվել է 4 կետով եւ կազմել հարցվածների 33 տոկոսը: Այսպիսով, Մակրոնը «ամենանախընտրելի քաղաքական գործիչն է դարձել ֆրանսիացիների շրջանում», նշում է հրատարակությունը:

Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 14-15-ին, մասնակցել է 995 մարդ:

Մակրոնը Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրել է երկու տարուց փոքր-ինչ ավելի. այդ պաշտոնին նրա նշանակումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 26-ին, իսկ պաշտոնաթող է եղել 2016 թվականի օգոստոսի 30-ին: Թողնելով նախարարությունը՝ նա հայտարարել է, որ մտադիր է «նոր նախագծով» զբաղվել հանուն երկրի բարօրության, սակայն այն ժամանակ ուղղակիորեն չէր ասել, որ ցանկանում է պայքարել նախագահական աթոռի համար:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Դեկտեմբերի 7-ին հրապարակված հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել են BVA Հասարակական կարծիքի կենտրոնը եւ Salesforce ընկերությունը, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը եւ նրա ընդդիմախոս նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Ընդ որում հարցումը նշում է Ֆիյոնի զգալի առավելությունը: Հասարակական կարծիքի մյուս հարցումը, որը նոյեմբերի վերջին անցկացվել է Harris Interactive կազմակերպության կողմից, երկրորդ փուլում կանխատեսել է Ֆիյոնի հաղթանակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում