Բեռլինի տոնավաճառի վրա գրոհի մեջ կասկածվողը մերժել է բոլոր մեղադրանքները

Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի վրա գրոհելու կասկածանքով ձերբակալված անձը հարցաքննության ժամանակ մերժել է բոլոր մեղադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Քսաներեքամյա տղամարդն առայժմ մերժում է բոլոր մեղադրանքները»,- հայտարարել է աղբյուրը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Գերմանիայի ոստիկանությունը պարզել է բեռնատարի վարորդի ինքնությունը, որը Բեռլինում վրաերթի է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Խոսքը Պակիստանից սերված Նավեդ Բ-ի մասին է, որը ծնվել է 1993 թվականին:

Independent թերթի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածն ապրում էր Բեռլին-Տեմպելհոֆ փակ օդանավակայանի տարածքում փախստականների համար նախատեսված կենտրոնում:

Ոստիկանության տվյալներով՝ Նավեդը գերմանական Պասաու քաղաք է ժամանել 2015 թվականի դեկտեմբերին: Թե հատկապես որ երկրից է նա ժամանել, չի ճշտվում:

Ավելի վաղ նա արդեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել էր մանր իրավախախտումների պատճառով:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում