Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ մոմավառություն անցկացվեց՝ ի հիշատակ Թուրքիայում սպանված դեսպան Կառլովի

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի: Երեւանի տարբեր համալսարաններից մի խումբ ուսանողներ, ինչպես նաեւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ` Հայաստանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին դեսպանատան մոտ՝ այսպես հանգելով ռուս դիվանագետի հիշատակը:

«Այսօրվա հավաքը բողոքի ակցիա է՝ առաջին հերթին ընդդեմ ահաբեկչության. դատապարտում ենք ահաբեկչությունը եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը: Թուրքիան, ընկղմված լինելով 21-րդ դարում ահաբեկչությունը ակտիվորեն ֆինանսավորող պետությունների շարքում, այսօր կամաց-կամաց ինքն է խճճվում այդ ահաբեկչության ճիրաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արգամ Արշակյանը:

Մոմավառությանը մասնակցում էին Երեւանի մի շարք բուհերի ուսանողներ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները մոտ 100-ն էին: «Այս ամենը որակում եմ որպես ահաբեկչական գործողություն, սա ոճրագործություն է, որը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի նմանատիպ ոճրագործություններ չկրկնվեն: Այն ակտիվ ուսանողներին, որոնք ցանկանում էին ինչ-որ կերպ հայտնել իրենց բողոքը, ցավակցության խոսքն ուղղել ռուս ժողովրդին, համախմբեցինք եւ շարժվեցինք այստեղ»,- ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի վրա, ինչի հետեւանքով ռուս դիվանագետը մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում