«Հայկական ժամանակ». Խաղատների տուրքը բարձրացվելու է

Դեկտեմբերի 22-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրվելու։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։ ԱԺ արտահերթը խոստանում է բավական հետաքրքիր լինել։

Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրավիրում ՝ քննարկելու Պետական տուրքի մասում օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը՝ գործող բազային տուրքի 100.000-ապատիկի չափը, փոխարինել 500.000-ապատիկով։ Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ։ Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից։

Ֆինանսների նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին ասել են, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին։ «Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաև կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Գագիկ Ծառուկյանի Շանգրի Լա խաղատունը կամ Փարավոն զվարճանքների և խաղատնային համալիրը, որն առանց այդ էլ գրավել է շուկայի 80 տոկոսը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում