Պաշտոնական Անկարան դեսպան Կառլովի սպանության համար մեղադրում է գյուլենականներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցում Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում կանգնած են գյուլենականները:

Հեռախոսազրույցի ընթացքում դիվանագետները քննարկել են Մոսկվայում եռակողմ` Թուրքիա-Ռուսաստան-Իրան հանդիպման արդյունքները: Խոսվել է նաև կիպրական հարցից:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում