ՄԱԿ-ի ԱԽ-ն «բարբարոսական ու ստոր» է որակել Բեռլինում կատարված ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մամուլի համար ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները «բարբարոսական ու ստոր» են որակել հարձակումը՝ ընդգծելով կատարողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Ինչպես հիշեցրել են Անվտանգության խորհրդում, ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով ու դրսեւորումներով «ամենալուրջ սպառնալիքներից մեկն է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: Այդ կապակցությամբ ԱԽ-ն նշել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է:

Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է ահաբեկչություն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: «Մենք այլեւս կասկածներ չունենք, որ այդ ահավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, ահաբեկչական գործողություն էր»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում