Կվիրիկաշվիլին Ստամբուլում կարեւորել է տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թուրքիայի իր պաշտոնակից Բինալի Յըլդըրըմի հետ դեկտեմբերի 20-ին Ստամբուլում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանի կամար կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը: Նա նաեւ ընդգծել է, որ Թբիլիսին գնահատում է Թուրքիայի կ առավարության աջակցությունը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցում, տեղեկացում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ վրացական կողմը շահագրգռված է Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խորացմամբ քաղաքականության, առեւտրի, տրանսպորտի, Էներգետիկայի եւ մշակույթի ոլորտում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանում ամրապնդվի խաղաղությունը: «Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման համար անհրաժեշտ է առկա հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման հիման վրա»:

Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում եղել են ռազմավարական գործընկերությունը եւ երկու երկրների համագործակցության հետագա խորացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում