Մեքսիկայում առնվազն 29 մարդ է զոհվել հրավառության նյութերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Մեքսիկայում առնվազն 29 մարդ է զոհվել Տուլտեպեկ քաղաքի հրավառության նյութերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել է Սեխիկոյի նահանգի նահանգապետ Էրուվիել Ավիլան:

Նրա խոսքով՝ 26 մարդ զոհվել է պատահարի վայրում, եւս երեքն ավելի ուշ մահացել են հիվանդանոցներում: Տուժածների ընդհանուր թիվը նահանգապետը գնահատել է 72: Պաշտոնյան հավաստիացրել է, որ տեղի իշխանությունները կհոգան զոհվածների հուղարկավորման ծախսերը:

Տուլտեպեկ քաղաքը հրավառության նյութերի արտադրության առումով համարվում է Մեքսիկայի ճանաչված քաղաքներից մեկը: Սան Պաբլիտոն, որտեղ պատահել է միջադեպը, նման արտադրանքի վաճառքի խոշորագույն շուկան է, այստեղ գործում է ավելի քան 300 խանութ:

Նշվում է, որ պայթյունը ոչնչացրել է 290 առեւտրական կետ: Պայթյունի պահին շուկայում շուրջ երկու հազար մարդ է եղել, քանի որ Սուրբ ծննդի նախօրեին շատերը հրատեխնիկա են գնում տոնակատարությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում