Հայաստանից և Իրանից 170 գործարար Երևանում մեկ հարկի տակ են` ամրապնդելու տնտեսական կապերը

Հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման նպատակով Երևանում իր աշխատանքներն է սկսել «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում երկկողմ չորրորդ խոշոր միջոցառումն է: Համաժողովը կազմակերպվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։ Համաժողովին մասնակցում է ավ ելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Հայ և իրանցի գործարարները ներկայացնում են տնտեսության ամենատարբեր ոլորտները` ֆինանսական և բանկային, սննդի վերամշակման, տեքստիլի, ոսկերչության, դեղագործության, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական տեխնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութի և այլն։

Նախատեսվում են նաև երկուստեք գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ և իրանցի գործարարները հնարավորություն կունենան հաստատել նոր կապեր, խորացնել առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։ Համաժողովն իրենց ներկայությամբ կպատվեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։ Համաժողովի արդյունքները նախագահներին կներկայացնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, որի վկայությունն են վերջին մեկ տարում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումն ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում։ Հաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության ջանքերով՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովն է, որին ներկա է գտնվել պետական ու մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչ։ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ն էլ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների խոշոր ցուցահանդեսը, որին ներկայացվել է 103 ընկերության արտադրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում