Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Իրանի նախագահին ներկա յացրել է նաև ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները վերացնելու, ինչպես նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունները կյանքի կոչելու քայլերը: «Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը հավելեց, որ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտել են տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային հրատապ խնդիրներին: «Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար: Քննարկել ենք իրավիճակը նաև Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում և հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում