Ոստիկանությունը Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող թունիսցու հետախուզում է հայտարարել

Գերմանիայի ոստիկանությունը Բեռլինում ահաբեկչական գործողությունն իրականացնելու մեջ կասկածվող երիտասարդ թունիսցու հետախուզում է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հաղորդել է Spiegel Online-ը:

Հրատարակության տվյալներով՝ սուրբծննդյան տոնավաճառում բազմության մեջ մխրճված բեռնատարի խցիկի զննման ընթացքում վարորդական նստոցի տակ փաստաթղթեր են հայտնվել 1992 թվականին ծնված Անիս Ա.-ի անունով:

Իր հերթին Allgemeine Zeitung-ը գրում է, որ կասկածյալի անունն Ահմեդ է, նա 21 տարեկան է: Թերթը նշում է, որ փաստաթղթերը նրան տրվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի Կլեւե քաղաքում:

Դեկտեմբերի 21-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչությունն իրականացնողը կարող է վիրավորված լինել:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը վրաերթի է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Բեռնատարը վարող անձը ճողոպրել է: Միջադեպի ժամանակ բեռնատարի խցիկում եղել է եւս մեկ տղամարդ, որն սպանվել է: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, եւս 48-ը վիրավորվել են: Գերմանիայի իշխանությունները պատահածը որակել են ահաբեկչական գործողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում