Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը. Կարեն Խանլարյան

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարեւոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարեւորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերություն ների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել կայունացման որոշակի էլեմենտներ տարածաշրջանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Հայազգի պատգամավորն անդրադարձավ նաեւ այն ոլորտներին, որոնցում տեսնում է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներ: «Դրանցից են հաղորդակցության, ալտերնատիվ փոխադրումների ոլորտները: Մոտ ապագայում Իրանը կարող է դառնալ տարանցիկ հաբ, որն իր հերթին կնպաստի երկրում տարանցիկ զբոսաշրջության զարգացմանը: Այս առումով Հայաստանը կարող է օգուտ քաղել, քայլեր ձեռնարկել եւ գնալ զարգացումների: Համագործակցության ոլորտներում եւս հնարավոր է լինեն հետագա զարգացումներ, ինչպես օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության հարցեր ին առնչվող, քաղաքական այլ ոլորտներում: Չեմ բացառում նաեւ գիտակրթական, գործարար ոլորտները, քանի որ գործարարների շրջանում հետաքրքրություն կա գյուղատնտեսական, արդյունաբերական տարբեր ոլորտներում: Ինչու չէ, զարգացում կարող է լինել նաեւ տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի գրանցած հաջողություններն այս ոլորտում»,-նշեց Կարեն Խանլարյանը:

Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում