Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են ԻՊ-ի կողմից Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը թիրախավորելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո հայտարարել է այլ երկրներում Ռուսաստանի դեսպանությունները ևս թիրախավորելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Virtualaz.org-ը` հղում կատարելով The Suna-ին ներկայացրել է ԻՊ-ի կողմից հրապարակված ցուցակը, որում արտացոլված են Ռուսաստանի այն դեսպանությունների հասցեները, որոնք թիրախավորված են ԻՊ-ի կողմից:

ԻՊ-ի հրապարակած ցուցակում տեղ է գտել նաեւ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը: Այդուհանդերձ դեռեւս ոչ մի տեղեկություն չկա, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կատարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Թուրքիայի իշխանությունները դեսպանի սպանության մեղավորներ են համարում գյուլենականներին կամ էլ Ալ-Քաիդայի զինյալներին:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում