Հայաստան-Իրան գործարար համաժողովին երկու երկրների միջեւ հուշագրեր ստորագրվեցին

Հայաստան-Իրան գործարար համաժողովին երկու երկրների միջեւ 5 հուշագիր ստորագրվեց: Դրանցից մեկը վերաբերում էր տնտեսական համագործակցությանը, որը ստորագրեցին «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը, Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հայերին, « Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մկրտիչ Ջալալյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդ հուշագիրը նվիրված էր բժշկական ոլորտում համագործակցությանը. Ստորագրեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը և «Վարան Պարտո Դարման» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Մուհամմադ Հուջաթփանահին:

Երրորդ հուշագիրը ստորագրեցին ԻԻՀ Գիլանի նահանգի «Գործարանների և արտահանման միության» և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» գործադիր տնօրեններ Ղասեմ Ռեզայանն ու Գագիկ Մակարյանը։ Համագործակցության մյուս հուշագիրը ստորագրեցին ԻԻՀ Գիլան նահանգի առևտրի արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի նախագահ Հադիդ Իսկուր Թաբաննի ու Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Վերջին հուշագիրը ԻԻՀ Գիլանի նահանգի և Արարատի մարզպետարանի միջև կնքեցին նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆին և մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։

2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում մեկնարկած «Հայաստան-Իրան» գործարար համաժողովին մասնակցում է ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում