Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին. Ռոհանի

Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի համոզմամբ՝ Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին: «Հնարավոր է ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու միջոցով միմյանց կապել Սև ծովը և Պարսից ծոցը, ինչը մեր տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների միջև առևտրատնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ կստեղծի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Ռոհա նին` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

Իրանի Նախագահի խոսքով` Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ: Հայաստանի և Իրանի ժողովուրդները դարեր և հազարամյակներ ապրել և գոյակցել են միմյանց կողքի և մաս են կազմել նույն քաղաքակրթական միջավայրին: Իրանի նախագահը նշել է, որ դեռևս իր երդմնակալության արարողության ժամանակ առիթ են ունեցել Թեհրանում հյուրընկալելու ՀՀ Նախագահին և այս տարիների ընթացքում հարմար առիթ էին փնտրում՝ պատասխան այց կատարելու Հայաստան:

«Ուրախ եմ, որ այսօր դա տեղի ունեցավ: Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն մեծ ներուժ, սակայն դրա միայն մի մասն է մինչ այժմ օգտագործվել, իսկ մնացած մասը պետք է իրացնենք առաջիկա ամիսներին և տարիներին: Մենք լավ հարաբերություններ ունենք էներգետիկայի բնագավառում և բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք էլ ավելի զարգացնել այդ հարաբերությունները, մասնավորապես՝ գազի արտահանման ծավալների մեծացման, Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման, էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղություններով: Մենք պետք է շարունակենք և ավարտին հասցնենք Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը»,- ասել է Իրանի Նախագահը` ավելացնելով, որ քննարկել են նաև բնապահպանության ոլորտին վերաբերող հարցեր, կարևորել Արաքս գետի աղտոտման հարցի կարգավորումը, քանի որ այդ գետը մեր տարածաշրջանի հարստությունն է:

«Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այդ հարցը լուծում կգտնի: Պայմանավորվեցինք ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների և ներդրողների համար: Այս կապակցությամբ նշվեց նաև ՀՀ-ԻԻՀ սահմանային գոտում գտնվող «Արաս» տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը, իսկ այդտեղ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել Հայաստան և Իրան, ինչպես նաև այլ երկրներ: Մենք ունենք արդյունավետ փոխգործակցություն նաև գիտության և տեխնոլոգիաներ ի ոլորտում»,- նկատել է Ռոհանին` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է հատկապես բանկային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: Իրանի Նախագահի խոսքով` այսօր Իրանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները լայն հնարավորություններ կստեղծեն մեր երկրների բանկային համակարգերի միջև կապերի զարգացման համար, ինչը կդյուրացնի առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործումը:

ՀՀ և Իրանի նախագահները քննարկել են նաև Իրանի և ԵԱՏՄ միջև արտոնյալ առևտրի ռեժիմի հաստատմանը վերաբերող հարցեր, ինչը ճանապարհ կբացի հետագայում ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:

«Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Հայաստանը և Ադրբեջանը մեզ համար հարևան և բարեկամ երկրներ են և մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական և բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և պետք է բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի համաձայն, հասնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկեցինք ահաբեկչության թեման, քանի որ այն վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Բարեբախտաբար, մեր երկու երկրներում էլ անվտանգությունը գտնվում է բավարար և լիարժեք մակարդակի վրա, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցությամբ ջանքեր գործադրենք ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հաղթահարել այդ խնդիրը»,- ասել է Ռոհանին` շեշտելով, որ անդրադարձել են նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, քանի որ այդ երկրները բախվում են ահաբեկչության խնդրին, և պետք է աջակցություն ցուցաբերել այդ երկրներին ահաբեկիչների դեմ պայքարի հարցում:

«Մենք համակարծիք էինք նաև այդ տարածաշրջանում, հատկապես Հալեպում ստեղծված հումանիտար խնդիրների կապակցությամբ: Հայաստանը և Իրանը ունեն միջազգային կազմակերպություններում համագործակցության լավ ավանդույթներ և մենք համակարծիք ենք, որ այդ ավանդույթները ևս պետք է շարունակվեն:

Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեզ կհաջողվի առևտրատնտեսական, գիտական, մշակութային, միջազգային և տարածաշրջանային ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հիմք ապահովել»,- եզրափակել է Ռոհանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում