«Առավոտ». Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Տեր-Պետրոսյանի ասածը կործանարար է»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ համագումարի ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ ասել է. «Տեր-Պետրոսյանը խոսում էր պետության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայության մասին, որը կործանարար է։ Այսինքն՝ ինչպես ինքն է ձևակերպում, ևս 100 տարի բլոկադայի մեջ ապրելու մարտավարություն և ստատուս քվոն անընդհատ պահպանելու մարտավարություն, և ասում է՝ դա սխալ է, որովհետև Հայաստանի գոյությանը սպառնացող արտաքին վտանգներ չկան, ինչպես դա կա Իսրայելի պարագայում։ Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կատարում և լարվածության տակ է պահում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, մի իրավիճակում, երբ Թուրքիան բլոկադայի միջոցով փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստանը տնտեսապես ճնշվի այս տարածաշրջանում և չզարգանա»։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե որքան են այդ մոտեցումները հանրության կողմից ընկալելի. «Ես ավելի քան համոզված եմ, որ հայտնի մոտեցում չէ, և մեծ հաշվով լինելու է ՀԱԿ-ի ձախողման հերթական պատճառներից մեկը։ Եթե նպատակը սենսացիոն գաղափարների հիման վրա քարոզարշավը կառուցելն էր և ներկայացնելը, ապա սենսացիան ապահովված է, արդյունավետությունը դեռ կտեսնենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում