Թուրքիան ԻՊ հետ բախման հետևանքով կորցրել է 14 զինվոր

Սիրիայի հյուսիսային էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական ուժերի միջև դեկտեմբերի 20-ից շարունակվող բախման հետևանքով սպանվել է 14 թուրք զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բախումների ժամանակ վիրավորվել է 33 թուրք զինվոր: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել դեպքերի առնչությամբ, որում նշվում է, թե թուրքական կողմը ոչնչացրել է ԻՊ 138 զինյալի: Ոչնչացվել է 67 թիրախ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Գործողության մեկնարկից մինչև հիմա թուրքական կողմը կորցրել է 35 զինվոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում