Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը հաստատեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ և ի պաշտոնե Հոգաբարձուների խորհրդի անդամ են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվելու են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից:

«Այս ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը չափազանց կարևորում ենք: Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրո ցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլն»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում