Կարեն Կարապետյանը չափազանց կարևորում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը. «այն «ծնվել» է բավականին դժվար»

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ պայմանագիրը հանդիսանում է միջպետական, որի կողմերն են ԵԱՏՄ անդամ պետությունները: «Մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է, որը ներառում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման, ԵԱՏՄ մաքսային տարածքից դրանց արտահանման, ժամանակավոր պահպանման և այլ գործառնություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց փաստաթուղթը և նշեց, որ այն բավականին դժվար է «ծնվել»: «Այն պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել: Մաքսային օրենսգրքում ֆիքսվել է նաև մեր ազատ տնտեսական գոտին՝ Իրանի սահմանի վրա»,– ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Եվրասիական միության երկրները պայմանավորվել են սահմանափակել այդ դաշտը:

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կազմված է 9 բաժիններից, 61 գլուխներից և 464 հոդվածներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում