Դեմոկրատների կողմնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ է Քլինթոնի մասնակցությանը հաջորդ ընտրություններին

Դեմոկրատական կուսակցության եւ անկախ թեկնածուների կողմնակիցների ավելի քան 60 տոկոսը չէր ցանկանա, որ Հիլարի Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրեր 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել են USA Today հեռուստաալիքը եւ Սաֆոլքի համալսարանը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 44 տոկոսը կնախընտրեր Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, 43 տոկոսը քվեարկել Է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածության օգտին: Քլինթոնի առաջադրման դեմ հանդես է եկել հարցման մասնակիցների 62 տոկոսը:

Ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, հանրապետական Դոնալդ Թրամփի կառավարման հետեւանքների նկատմամբ հարցվածների վերաբերմունքը երկակի է: Այսպես, 45 տոկոսը գտնում է, որ նա իրենից հետո լավ «ժառանգություն» կթողնի, մինչդեռ 43 տոկոսը համոզված է, որ իշխանության գլուխ Թրամփի գտնվելու արդյունքները բացասական կլինեն:

Ինչպես նշվում է, հարցման մասնակիցների շուրջ քառորդ մասը կարծում է, որ Թրամփի նախագահությունը ձախողում կլինի, 18 տոկոսը հավատում է, որ այն լավ ժամանակաշրջան կդառնա երկրի համար, 12 տոկոսը նրան համարել է հոյակապ, 30 տոկոսը՝ հստակ դիրքորոշում չունի:

Հարցումը դեկտեմբերի 14-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է հազար պոտենցիալ ընտրողների շրջանում: Հարցման անճշտությունը կազմել է 3 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում