ԵԱՏՄ մտնելուց հետո հայաստանյան բիզնեսը դեռ այդ աշխուժությունը չի զգում. Արտակ Զաքարյան

Երևանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների մասնակցությամբ անցկացվում է համատեղ չորրորդ նիստը:

Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվելու Եվրասիական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին, առկա համագործակցության զարգացման հնարավորություններին, ինտեգրացիոն, ինչպես նաեւ տնտեսական նշանակության հարցերին: Նիստի օրակարգում նաեւ ընդգրկված են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված հարցեր, որոնք առնչվում են հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ նիստի արդյունքում անդրադառնալու են երկու կողմերին հուզող հարցերին եւ փորձելու են գտնել լուծումներ:

«Մենք շատ ենք քննարկում այն հարցը, որ մտանք ԵԱՏՄ, բայց կարծես թե այդ աշխուժությունը եւ ազդեցությունը չի զգում մեր բիզնեսը: Այդ հարցերով ենք քննարկում ունենալու: Կոնկրետ արդյունքը, որ մենք ընկալում ենք, իհարկե, անվտանգության շրջանակում համագործակցությունն է: Եվ մեր հասարակության մոտ, եւ՛ ռուս քաղաքական շրջանակում էլ առաջանում են հարցեր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անընդհատ պարզաբանումների անհրաժեշտություն կա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար նաեւ ռուսական քաղաքական շրջանակներում է տարածում կեղծ քարոզչություն, ոչ կառուցողական մոտեցումներ: Երկրորդ հարցի շրջանակում պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումները համագործակցության վերաբերյալ, խոսելու ենք սպառնալիքների եւ մարտահրավերների մասին»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ընդգծեց, որ հատկապես շատ անելիքներ կան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դաշտում:

«Այդ հարցով, իրոք, շատ բան կա խոսելու, ինչպես աջակցել միմյանց առկա տարբեր հարցերում: Դա լիովին վերաբերում է Ռուսաստանին, քանի որ փորձ է արվում մտցնելու պատժամիջոցային ռեժիմ, սակայն Արեւմուտքի մոտ շատ հարցերում դա այդքան էլ չի ստացվում: Պետք է քննարկենք հարցեր, որոնք առնչվում են այդ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում