Պուտինը հրաժեշտ տվեց Անկարայում սպանված ՌԴ դեսպանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ Է տվել դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, պետության ղեկավարը եկել է ԱԳ նախարարության շենք, որտեղ ընթանում է հրաժեշտի արարողությունը եւ ծաղիկներ դրել դիվանագետի դագաղին: Պուտինը նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալ դեսպանի հարազատներին՝ նրա մորը՝ Մարիա Ալեքսանդրովնա Կառլովային, այրուն՝ Մարինա Կառլովային, որդուն՝ Գենադի Կառլովին եւ քրոջը՝ Ելենա Շիրանկովային:

Ավելի վաղ ԱԳ նախարարություն Կառլովին հրաժեշտ տալու էին եկել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախօրյակին Պուտինը դեսպանին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: «Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում ցուցաբերած տոկունության եւ արիության, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհել Անդրեյ Գենադիի Կառլովին»,-ասված է պետության ղեկավարի հրամանագրում:

Դեսպանի հետ հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Ռուսաստանի նախագահը մեկ օրով հետաձգել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում