Համայնքների համաչափ զարգացումը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Հայաստանի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում մշտապես եղել է տարածքների համաչափ զարգացման հարցը: Սակայն մի բան է պարզապես խոսել այս մասին, մեկ այլ բան՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել երկիրը համաչափ զարգացնելու ուղղությամբ:

Վերջին տարիներին հրապարակվեցին տարատեսակ ծրագրեր, որոնք առաջարկում էին համաչափ զարգացնել Հայաստանի բոլոր համայնքները՝ այսպիսով հող նախապատրաստելով նաեւ համայնքային բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Սակայն հետեւելով այդ ծրագրերին՝ առանց խղճի խայթի կարելի է արձանագրել՝ Հայաստանը սկսվում եւ ավարտվում է մայրաքաղաք Երեւանով: Եվ սա վերաբերում է բոլոր ոլորտներին: Գնացեք, օրինակ, Վանաձոր, Գյումրի, Գորիս, Եղեգնաձոր կամ որեւէ այլ քաղաք եւ կհամոզվեք, որ հանրապետության քաղաքներում համաչափ զարգացման հետք անգամ չկա եւ որ դրանք կարելի է բաժանել 2 խմբի՝ Երեւանի եւ մնացած քաղաքների:

Ի՞նչ կարող ենք արձանագրել կառավարության գործունեության 100 օրից հետո համայնքները համաչափ զարգացնելու խնդրում, որին պարբերաբար անդրադառնում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր: Ծրագիր, որը պետք է ապահովի տեղերում տնտեսական զարգացումը:

Այս հարցում շատ կարեւոր էր հատկապես այն, որ կառավարությունը համայնքներին ուղղակիորեն ընդգրկում է համաչափ զարգացման ծրագրերում: Վարչապետը մարզեր կատարած իր այցերի շրջանակում անընդհանտ հայտարարում է՝ առաջարկեք լուրջ եւ կոնկրետ ծրագրեր եւ կստանաք կառավարության աջակցությունը: Իսկ թե ինչու հենց համայնքը պիտի կառավարությանը ծրագրեր ներկայացնի, բացատրեց այսպես. համայնքից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է իրեն հարկավոր:

Եթե Հայաստանին հաջողվի իսկապես հասնել տարածքային համաչափ զարգացման, վստահաբար հնարավոր կլինի մեծ խթան հաղորդել նաեւ զբոսաշրջությանը: Աշխարհի բազմաթիվ երկրներում այսօր մեծ թափ է առնում գյուղական տուրիզմը: Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղական համայնքների զարգացմանը, որովհետեւ երկրի մի շարք ավանդույթներ, այդ թվում՝ ազգի ավանդական հագուստն ու խոհանոցը լավ են պահպանվում նամանավանդ գյուղերում:

Ուշագրավ է, որ աշխարհը վաղուց մտածում է, թե ինչպես զարգացնի եւ ճիշտ ներկայացնի գյուղերը՝ զբոսաշրջիկներին գրավելու համար, իսկ մեզ դեռ չի հաջողվել նրանց ուշադրությունը հավուր պատշաճի հրավիրել նույնիսկ մեր քաղաքների վրա: Այստեղ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժ կա, քանի որ թե՛ Հայաստանի գյուղերում, թե՛ քաղաքներում զբոսաշրջիկներին գրավելու բավական մեծ հնարավորություններ կան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում