Բեռլինում ահաբեկչությունից հետո վերաբացվել է սուրբծննդյան տոնավաճառը

Բեռլինի արեւմտյան մասի սուրբծննդյան շուկան, որը դեկտեմբերի 19-ին ահաբեկչի կողմից գրոհի էր ենթարկվել բեռնատարով, վերաբացվել է այցելուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է N-TV հեռուստաալիքը:

Այդուհանդերձ, տոնավաճառի ավերված մասը փակ կմնա տոնական հանդիսությունների համար: Ողբերգության վայրում կպահպանվի 12 զոհվածների հիշատակին ծաղիկներից, մոմերից եւ լուսանկարներից հանպատրաստից ստեղծված հուշակոթողը: Բեռլինի իշխանությունները համապատասխան թույլտվություն են տվել:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Բեռլինի արեւմտյան մասի Բրայտշայդպլատց հրապարակում գտնվող տոնավաճառն այժմ շրջափակված է բետոնե սալերով, որոնք պետք է կանխեն ողբերգության հնարավոր կրկնվելը: Անվտանգության նույնպիսի միջոցներ են ձեռնարկվել Բեռլինի նաեւ այլ սուրբծննդյան շուկաներում: Բացի այդ, ոստիկանությունը հանել է հանցագործության վայրի շրջափակումը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին

Գլխավոր կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ է խոստացված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում