Գերմանիայում ձերբակալել են չորս մարդու, որոնց կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հաստատել է չորս մարդու ձերբակալումը, որոնք շփման մեջ են եղել Բեռլինի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեջ կասկածվողի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել է BILD տաբլոիդը:

Հրատարակությունը մանրամասնություններ չի հայտնում, թե հատկապես որտեղ են ձերբակալվել կասկածյալները, բայց հայտնի է, որ վաղ առավոտյան փախստականների բնակարաններում եւ ապաստաններում հատուկ գործողություններ են անցկացվել Բեռլինում, Դորտմունդում եւ Էմերիխում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա):

Թունիսի քաղաքացի Անիս Ամրիի նկատմամբ, որին որոնում են Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության գործով, հետախուզում է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ է հայտարարված:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում