Հայաստանում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք կունենան նաև օտարերկրացիները

Կառավարությունը հավանություն տվեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով Պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի և օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով:

«Համապարփակ կարգավորում է ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության կարգը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող կարգավորումներն իրենց ամրագրումն են գտել նախագծում՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները, սահմանվել է անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում, բարեփոխվել են փաստաբանների պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում