Շտայնմայերը կարեւորել է Դոնբասում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լավ նորություն եւ կարեւոր նշան Է համարել սուրբծննյան տոների ընթացքում Դոնբասի սահմանազատման գծում զինադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 21-ին եռակողմ շփման խումբը հակամարտության կողմերին լիակատար զինադադար Է առաջարկել դեկտեմբերի 24-ի կեսգիշերից:

«Այն, որ եռակողմ շփման խումբը դեկտեմբերի 21-ին Մինսկում համաձայնության եկավ սուրբծննյան տոների ընթացքում Ուկրաինայի արեւելյան մասի սահմանազատման գծի երկայնքով դադարեցնել մարտական բոլոր գործողությունները, լավ նորություն Է: Վերջերս Դեբալցեւոյի շրջակա գոտում ռազմական գործողությունների սաստկացումից հետո եւ մոտեցող տոների կապակցությամբ այդ համաձայնությունը կարեւոր նշան Է»,-ասել Է նախարարը, որի խոսքը մեջբերել Է ԱԳ նախարարությունը:

Նախարարի խոսքով՝ այս որոշումը առանձնապես կարեւոր Է տարածաշրջանում «խիստ լարված հումանիտար իրադրության» պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում