Հայաստանը պարբերաբար ռուսական կողմին հարցումներ է հղում Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հնարավորության մասին

Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հարցն այս պահին ՌԴ իրավասու մարմինների գործունեության ոլորտում է։ Այս մասին դեկտեմբերի 22-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար ռուսական կողմին հարցումներ է ուղարկում այդ գործով։

«Իմ տեղեկություններով, նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, եւ կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս հանգամանքը պարզվեց 2016 թվականի առաջին ամիսներին»,– նշեց Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների գործունեության ոլորտում է։ «Մեզ վստահեցրել են, որ պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ, որի հիմնական մասը վերաբերում է արտահանձնմանը»,– ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում