«Հայկական ժամանակ». «Բացառվում է». Ֆինանսների նախարարը՝ Հայաստանի դեֆոլտի մեջ ընկնելու մասին

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:

«Բացառվում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարարը: Արամյանն ասել է, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքերի ներգրավման պայմանները. «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում և այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանել է նախարարը:

Այսինքն` նորից պարտատոմսե՞ր կթողարկեք: «Իհարկե»,- չհրաժարվեց Արամյանը: Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ և իրավիճակը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշել է, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016 թ. 62 տոկոս ավելի է ծախսվել, քան նախորդ տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում