«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը մշուշոտ է

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում։ Հայտարարություն այդ մասին գուցե այս տարի այլևս չհնչի։ Կիրակի՝ դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարեմուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քաղաքական հարցեր ընդհանրապես չեն արծարծվում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Դեկտեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են և, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ծառուկյանը, ըստ երևույթին, մինչ այդ օրը չի ցանկանում վերադարձի մասին հայտարարությամբ լարում առաջացնել իր և իշխանության միջև։ Ռոբերտ Քոչարյանը ևս հրավիրվածների մեջ է, բայց հայտնի է, որ նա այս տարի ևս Ծառուկյանի հետ խիստ լարված հարաբերությունների պատճառով մերժել է հրավերը։

Մինչ Գագիկ Ծառուկյանը ծանրութեթև է անում՝ վերադառնալ քաղաքականություն, թե ոչ, ԲՀԿ-ի առանձին պատգամավորներ գաղտնի բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ նրանց ցուցակում հանգրվանելու համար։ Քանի որ եթե Ծառուկյանը վերջին պահին փոշմանի, հնարավոր է՝ նրանք հայտնվեն լուսանցքում։ Որոշ ներկա ու նախկին ԲՀԿ-ականներ բացատրում են, որ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն, չեն կարող հավերժ սպասել Ծառուկյանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում