«Հայկական ժամանակ». Օդի ջերմաստիճանը վաղվանից կտաքանա

Միջերկրական ծովում ձևավորվում է ցիկլոն, որն «ուղևորվում» է դեպի Հայաստան՝ իր հետ բերելով տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում: Դեկտեմբերի 23-ին ցուրտ եղանակը Հայաստանում կպահպանվի, դեկտեմբերի 24-ից տաք ցիկլոնի ազդեցությունը ակնհայտ կլինի Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Արարատյան դաշտում և Երևանում: Հանրապետության այդ հատվածներում ամսի 24-ին թույլ ձյուն կտեղա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 25-ին և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Քանի որ ցիկլոնը գալիս է հարավ արևմուտքից, Միջերկրական ծովից իր հետ կբերի տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա գիշերը 13-15 աստիճանով, ցերեկը՝ 6-8»,- մանրամասնել է օդերևութաբանը: Սա նշանակում է, որ եթե երեկ Երևանի ցածրադիր գոտում գրանցվել է մինչև -20 աստիճան ցուրտ, ապա դեկտեմբերի 26-ի գիշերը Երևանում կանխատեսվում է -4..-6, ցերեկը՝ 0…+2 աստիճան, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում