ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհուրդը դեկտեմբերի 22-ին հերթական նիստն է գումարել, որը նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ «Բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։ Սակայն ներկայացված հիմնավորումները հանգեցրին այն եզրակացությանը, որ համայնքների նորմալ կենսագործունեության, համայնքի բնակիչներին ծառայություններ մատուցելու համար համայնքների ղեկավարները իր հնարավորությունների շրջանակում պետք է աշխատեն եւ համայնքի ունեցած հնարավորությունների շրջանակում տուրքեր եւ վճարներ գանձեն»,-ասել է Դավիթ Լոքյանը։

Հաջորդիվ ներկայացվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։ Կատարված փոփոխությամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում «տեղական ինքնակառավարում» հասկացությունը, դրա սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՀՀ համայնքապետարաններում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով առկա իրավիճակը եւ առաջիկա անելիքները։ Հայաստանի 792 համայնքներից 559-ում կամ համայնքների 70 տոկոսում շահագործվում են տեղական ինքանակառավարման մարմինների գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար նախատեսված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր (ՀՏԿՀ)։ «Ներկա դրությամբ համացանցային կայքեր ունեն 195 համայնքապետարաններ։ Համայնքապետարանների համացանցային կայքերի ճնշող մեծամասնությունը գործարկվել է ՀՏԿՀ-ի հենքի վրա։ Համայնքային այս կայքերում հրապարակվում են բոլոր այն տվյալները, որոնք պահանջում են Տեղական ինքնակառավարման մասին եւ Տեղեկատվության ազատության մաիսն ՀՀ օրենքներով։ Նախարարության կողմից շարունակվելու են ակտիվ աշխատանքներ տարվել համացանցային կայքեր ունեցող համայնքապետարանների թվաքանակի ավելացման ուղղությամբ»,- ասել է Ա. Գիլոյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամների խնդրանքով նախարար Լոքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մարզային այցերին։

«Մենք ձեռնարկել ենք մի շարք խնդիրներ։ Պարզ գործիքներ տրամադրել համայնքներին, որպեսզի նաեւ համայնքները կարողանան վարկային ռեսուրսներից օգտվել։ Մարզերում բացի սոցիալական, համայնքային խնդիրների քննարկումներից առաջարկում ենք որոշակի ներդրումային ծրագրեր ներկայացնել կառավարություն։ Ասում ենք հետեւյալը՝ համայնքը կարող է հավելյալ եկամուտ, գույքահարկ ունենալ, եթե իր համայնքում կարող է խթանել տնտեսական ծրագրերը։ Բավականին մեծ ակտիվություն է նկատվում եւ այսօր արդեն նախարարություն են ներկայացվել բաթմաթիվ ներդրումային ծրագրեր»,- ասել է նախարար Դավիթ Լոքյանը։

Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, քննարկվել են խորհրդի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում