Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը. «Մենք դրան սպասում էինք 5 տարի»

Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը անօրինական զինված կազմավորումներից: Անձրեւոտ եղանակն ու քամին մարդկանց հետ չեն պահում դուրս գալու փողոց եւ մյուսների հետ կիսել այդ տոնը, որը թերեւս ամենանշանակալիցն է նրանց կյանքում վերջին հինգ տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղո ւմ անելով ՌԻԱ Նովոստիին:

Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո: «Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարում է Հալեպում խաղաղության ու անվտանգության վերականգնման մասին»,- ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:

Զինվորականները նշում են որ վերջին ապստամբներն ու խաղաղ բնակիչները հեռացել են քաղաքի արեւելյան մասից, այնպես որ այժմ նրա նկատմամբ հսկողությունը վերականգված է:

Իր հայտարարության մեջ սիրիական բանակը Հալեպի ազատագրումը գնահատում է որպես «ռազմավարական բեկում ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

Արեւելյան Հալեպից ապստամբների ու քաղաքացիական բնակչության տարհանումն սկսվել էր դեկտեմբերի 15-ին: Դրա կազմակերպմամբ զբաղվում էր Ռուսաստանը՝ իր գործողությունները համաձայնեցնելով Թուրքիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում