Գերմանական ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի (Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա) ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տեղական ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ կասկածյալները պլանավորում էին ահաբեկչություն իրականացնել Օբերհաուզեն քաղաքի առեւտական կենտրոնում, նրանք ձերբակալվել են կարգի պահապանների կողմից, որոնք քաղաքացիական հագուստով են եղել:

Ձերբակալվածները 28 եւ 31 տարեկան եղբայրներ են, երկուսն էլ Կոսովոյից: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզում է, թե «որքան հեռու է գնացել ահաբեկչության նախապատրաստումը» եւ դրանում ներգրավված եղել են արդյոք այլ անձինք:

Գերմանական ոստիկանությունը բարձր պատրաստության վիճակում է դեկտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ ծանր բեռնատարը մարդկանց խոյահարեց Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում, ինչի զոհ դարձավ 12 մարդ:

Երկրի հատուկ ծառայությունները ենթադրյալ հանցագործի ակտիվ հետախուզում են իրականացնում, որը ներկա պահին համարվում է թունիսցի Անիս Ամրին, որի փաստաթղթերն ու մատնադրոշմները հայտնաբերվել են վրաերթ կատարած բեռնատարի խցիկում:

Համերկրային դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ դրա հիման դրա եզրակացություն է արվել, որ «բեռնատարը վարել է Ամրին»:

Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել է SՖddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով հետաքննության տվյալներին, Ամրին ավելի վաղ ծրագրում էր ուղեւորվել Սիրիա՝ միանալու այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եւ այլ իսլամիստների հետ միասին համապատասխան պատրաստություն է անցել Գերմանիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում