Հայաստանը մեծ ներուժ ունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման համար. փոխնախարար

«ԵԱՏՄ-Հայաստան արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովը համախմբել է ԵՏՀ եւ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների մի շարք պաշտոնյաների, բիզնեսին առնչվող կառույցների ղեկավարների, դեսպանների եւ առեւտրային ներկայացուցիչների՝ քննարկելու ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության զարգացման խնդիրները եւ առաջարկելու լուծումներ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա, եւ Հայաստանը պատրաստ է դրան:

«Այստեղ ենք միասին ի մի բերելու իրականացված աշխատանքների արդյունքները, լսելու առաջարկություններ արդյունաբերական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար, օգտագործելու համագործակցությունը խթանող բոլոր մեխանիզմները: Դրանք, մասնավորապես, տեխնոլոգիական հարթակներ ձեւավորելն է եւ գործածելը, պետական աջակցությունը խոհեմ օգտագործելը: Թվարկված մեխանիզմների օգտագործումը պետք է ստեղծի իրական հնարավորություններ, նպաստի ապրանքաշրջանառության ընդլայնմանը: Անկասկած, ամենակարեւոր խթանը մասնավոր ներդրումներն են, եւ Հայաստանը, հաշվի առնելով դա, ստեղծում է բոլոր պայմանները ներդրումներ ներգրավելու համար՝ չդնելով համարյա ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության համար»,- ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա առանձնացրեց մի շարք ոլորտներ, որոնցում համագործակցության մեծ ներուժ ունի Հայաստանը՝ սննդարդյունաբերություն, դեղագործություն, մեքենաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, ոսկերչություն եւ այլն:

«Կարծում եմ, ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությունը պետք է մեծապես նպաստի արդյունաբերության կայուն զարգացմանը, անդամ պետությունների միջեւ ոլորտում մրցունակության բարձրացմանը, արդյունավետ համագործակցության իրականացմանը, ինչպես նաեւ ապրանքափոխադրումների ճանապարհին առաջացած խոչընդոտների վերացմանը»,-եզրափակեց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում