Դդմաշենում տարեց ամուսինների մահվան պատճառը եղել է թունավորումը շմոլ գազից

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում 2016 թվականի դեկտեմբերի 22-ին իրենց բնակարանում մահացած ամուսիններ Երվանդ եւ Շուշանիկ Խաչատրյանների մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված նախնական արդյունքների, եղել է թունավորումը շմոլ գազից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Սեւան-Ճամբարակ բաժնի փորձագետ Սահակ Ավետիսյանը, ամուսինների մահը հիմնականում տեղի է ունեցել շմոլ գազի թունավորումից, թեեւ դա վերջնականապես կհաստատվի միայն դատաքիմիական եւ դատահոգեբանական փորձաքննությունների ավարտից հետո:»Շուշա նիկ Խաչատրյանի մոտ մահը վրա է հասել շմոլ գազից թունավորմամբ առաջացած սրտի անբավարարվածության հետեւանքով: Երվանդ Խաչատրյանի մոտ եւս մահը վրա է հասել շմոլ գազի թունավորումից եւ այրվածքային շոկից: Տարեց տղամարդու մոտ առկա էին այրվածքային մասեր գլխի եւ թեւի շրջանում: Այդ այրվածքները նա ստացել է՝ ուշաթափ վիճակում ընկնելով միացված էլեկտրական տաքացուցիչի վրա: Նրանք ճաշ են եփել գազօջախի վրա, որտեղ դրված ճաշով լի ամանն այրվել է՝ ծխով պատելով սենյակը: Նրանց անշնչացած մարմինները հայտնաբերել են դեկտեմբերի 22-ի ժամը 11-ի սահմաններում: Նրանց մահը, ա մենայն հավանականությամբ, վրա է հասել դեկտեմբերի 21-ի երեկոյան ժամերի ընթացքում»,-նշեց Սահակ Ավետիսյանը:

Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանն իր հերթին «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Շուշանիկ Խաչատրյանը 1935 թվականի ծնված էր, Երվանդ Խաչատրյանը՝ 1937 թվականի: Համատեղ կյանքում նրանք ունեցել են 1 տղա եւ 3 աղջիկ: «Երեք աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան ընտանիքով ապրում է արտերկրում: Այնպես որ, տարեց ծնողներն ապրում էին միայնակ: Ի դեպ, ողբերգական դեպքից մեկ շաբաթ առաջ Շուշանիկի մոտ ինֆարկտի նախանշաններ էին նկատվել, շտապօգնություն էին կանչել, իսկ ամուսինը ոտքի վրա էր, անկողնուն գամված չէր:Հիմա նրանց որդ? ?ն վերադարձել է արտերկրից, սակայն ծնողների դիերը դեռեւս գտնվում են դիահերձարանում, առայժմ չեն հանձնվել հողին»,-պատմեց համայնքի ղեկավարը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում