Ընդլայնվեց օտարերկրացիների կողմից ԱԱՀ-ի հետ վերադարձ ստանալու հնարավորությունը

Նախօրեին կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշման մեջ:

Այսուհետ ավելացված արժեքի հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների համար օտարերկրացիների կողմից ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու համար ձեռք բերված ապրանքների արժեքի ներկայիս 100,000 դրամի շեմը իջեցնել 50.000 դրամ:

Այսպիսով վերոնշյալ գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է, այն դեպքում, եթե օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքը կազմում է 50.000 դրամ:

Պետք է նշել, որ բազմաթիվ երկրներում վերոնշյալ շեմը ևս տատանվում է 50.000 դրամի շրջակայքում:

Կարգավորվում է նաև ավելացված արժեքի հարկի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման հարցը:

Միաժամանակ, հստակեցվում է, որ ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժման հիմք չի հանդիսանում այն դեպքը, երբ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել է տառասխալներով, հաշվի առնելով, որ դրանց թարգմանության դեպքում շատ հաճախ առաջանում են անհամապատասխանություններ, որոնք էլ խնդիր են հանդիսանում բանկերի կողմից ԱԱՀ-ի գումարների վերադարձման համար:

Շեմի իջեցմամբ ակնկալվում է նպաստել մանրածախ առևտրի ոլորտում ապրանքաշրջանառության ծավալների աճին և զբոսաշրջության համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ոլորտի զարգացմանը:

Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել և մշտադիտարկում իրականացնել, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել որոշման ազդեցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում